Երեւանում 29-ամյա Էրիկ Կակոյանի սպանության մեջ մեղադրվողը հաշվառված էր, երկու անգամ դատապարտված։
Կասկածյալը՝ 2001 թվականին ծնված Վալերին նույնպես Երեւանի բնակիչ է։ Նա նախկինում երկու դատվածություն է ունեցել ու հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, մասնակցել է 44-օրյա պատերազմին, ապա վերականգնողական բուժում անցնել «Զինվորի տուն» կենտրոնում։
Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Վալերի Հակոբյանն առաջին անգամ դատապարտվել է 2023 թվականին տեղի ունեցած գողության համար։ Դատարանը ապացուցված է համարել, որ նա 2023 թվականի նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան Երևանի Սայաթ-Նովայի փողոցում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի կողպված չլինելու հանգամանքից օգտվելով՝ մուտք է գործել սրահ, պտուտակահանով վնասել պահախցիկն ու հափշտակել «iPhone X» տեսակի հեռախոս, լիցքավորման լար և թևնոց՝ տուժողին պատճառելով շուրջ 115 հազար դրամի վնաս։
Այս արարքի համար դատարանը նրան մեղավոր էր ճանաչել գողության հոդվածով և նշանակել 1 ամիս 7 օր ժամկետով կարճաժամկետ ազատազրկում։ Սակայն, հաշվի առնելով, որ նա նախնական կալանքի տակ էր գտնվել հենց այդքան ժամանակ, դատարանը նրան ազատ էր արձակել պատժի կրումից։ Ի դեպ, այդ դատավարության ընթացքում որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ էին դիտարկվել նրա զղջումը, 2020 թվականի Արցախյան պատերազմին մասնակցությունը։
Երկրորդ քրեական գործը հարուցվել էր դրվագով, որը տեղի էր ունեցել, երբ նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էր գտնվել։ Չպարզված հանգամանքներում ձեռք էր բերել, պահել և կրել առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված առարկաներ՝ ածելու երկու սայր, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել էին նրա բերանից և ձեռքից։ Այս արարքի համար էլ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը նրան դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան և արգելելով լքել Հայաստանի տարածքը։
Դատավճիռը կայացվել էր 2026 թվականի հունիսի 19-ին՝ այսինքն նոյեմբերի 7-ին, դաժան սպանությունը կատարելու ժամանակ նա եղել է դատարանի սահմանած գործող փորձաշրջանի մեջ։ Դրա ընթացքում ըստ դատավճռի՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրված էր Արդարադատության Նախարարության Պրոբացիայի ծառայության վրա։ Հենց այս գործի շրջանակում էլ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն։
Ըստ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տրամադրած քաղվածքի և փորձագիտական եզրակացության՝ Վալերի Հակոբյանը հաշվառված է այդ կենտրոնում և ճանաչվել է «քրեադատավարական անգործունակ անձ»։
Ո՞ր կառույցն է թերացել իր աշխատանքում, եւ արդյո՞ք հնարավոր էր կանխել նման դաժան պատահարը։ Առաջին դեպքը չէ Հայաստանում, որ հոգեկան առողջության կենտրոնում գրանցված անձը սպանություն է կատարում, սակայն դեպքերի աճող վիճակագրությունը շարունակում է բացահայտել համակարգային լուրջ բացերը։










