Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը:
Վարչապետը ողջունել է պանելային քննարկման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ իր տեսակետից ամենամեծ խնդիրը, որը պետք է ինքը լուծի երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է. «Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը։ Իմ կարծիքով ֆունդամենտալ հարցերն այստեղից պետք է լուծվեն: Եվ դա, նաև դրանից բխող հետագա գործողությունները, կկանխորոշեն ձեր նշած օրակարգի իրացումը: Մանավանդ հիմա, եթե հաշվի առնենք հետևյալը, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, 2029 թվականին, հույս ունեմ, արդեն կհասցնենք վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրամիության հետ, Ակադեմիական քաղաք նախագիծը կլինի անշրջելի: Բաց սահմաններով խաղաղ երկիր: Սա գիտե՞ք ինչ է, իմ կարծիքով, նշանակում. սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի»:
Շարունակելով՝ վարչապետն ընդգծել է. «Իհարկե, տնտեսական կայունությունը և էներգետիկ անկախությունը նույնպես շատ կարևոր կոմպոնենտ են այս իմ նկարագրած պատկերը ամբողջական դարձնելու համար, և ես հիմա կենտրոնացած եմ այդ խնդիրների լուծման վրա: Առաջինը, իհարկե, խաղաղությունը, խաղաղության ինստիտուցիոնալացումը: Ինչքանո՞վ եմ վստահ, որ կհաջողվի այդ խնդիրը լուծել, ինչպես դասականն է ասում՝ 100%-անոց վստահություն ոչ մեկ չի կարող տալ: Բայց ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ: Եվ այդ բարդությունների մեջ ամենևին երկրորդական տեղ չունի այն, որ այդ խնդրի լուծման ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որը համոզիչ կթվա հանրությանը՝ ընդհանրապես, և երիտասարդությանը՝ մասնավորապես: Հետևաբար՝ նաև այս դիտանկյունից և այս խնդրի լուծման համար երիտասարդության հետ շփումները շատ էական են և կարևոր»:
Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Իրականությունը տեսնելու, գնահատելու, լուծումներ ունենալու և լուծումները մինչև վերջ հասցնելու համար ամենակարևոր գործոնը կրթությունն է: Սա է պատճառը, որ Կառավարությունը կրթությունը հռչակել է ռազմավարությունների ռազմավարություն: Եվ այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք, որ չենք կարողանում լուծել որևէ խնդիր ցանկացած մակարդակում՝ անհատական, պետական, խմբային, մենք պետք է վերադառնանք և զբաղվենք մեր կրթությունով՝ էլի անհատական, խմբային, հանրային, պետական: Սա է, ընդհանուր առմամբ, մեր պատկերացումն ապագայի և անելիքների վերաբերյալ: Նաև շատ կարևոր է, ինչպես ասացի, մեր խնդիրն է՝ պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, խաղաղ, անվտանգ, զարգացող, բարեկեցիկ - դա մի քիչ երկար պրոցես է, բայց սահմանազատված և սահմանագծված սահմաններով, բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին: Այստեղ է, որ ծագում է պետության հարատևության տեսլականը, որի իմաստը հետևյալն է, որ սերնդեսերունդ փոխանցելու պրոցեսը պետք է տեղի ունենա հարատև: Եվ Հայաստանը, որպես պետություն, պետք է գոյություն ունենա հարատև։ Սա է այն ամենամեծ օրակարգը, որ իմ կարծիքով, մենք բոլորս պետք է սպասարկենք»։
Հաջորդիվ՝ վարչապետ Փաշինյանը պատասխանել է պանելային քննարկմանը մասնակցող երիտասարդների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ իրականացվող քայլերին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և առաջիկա ակնկալիքներին:
Հարցուպատասխանի շրջանակում վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը, վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու դրա սկզբունքներին, ՀՀ Կառավարության կողմից տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին և այլ թեմաների:










