Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ուսուցողական թեստը նախատեսված է բոլոր առարկաներ դասավանդող ուսուցիչների համար և չի հետապնդում գիտելիք ստուգելու նպատակ: Հարցերը հատուկ կազմված պարզ օրինակներ են՝ տարբեր առարկաներից։ Դրանք իրական ատեստավորման հարցաշարերից չեն, և արդյունքը պաշտոնական գնահատական չի համարվում։ Ուսուցողական թեստը լրացնելու համար գրանցում կամ մուտքի կոդ անհրաժեշտ չէ։
Նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել է փոփոխություն։
Մասնավորապես, թղթային եղանակով իրականացվող եզդիերենի, պարսկերենի, ասորերենի, քրդերենի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները նոյեմբերի 14-ի փոխարեն կանցկացվեն նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին։ Կամավոր ատեստավորման մյուս առարկաների քննությունների անցկացման օրերն ու ժամերը մնում են անփոփոխ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։ Քննական կենտրոնների և ատեստավորման կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ուսուցիչները կծանուցվեն:










