«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»


«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
Նոյեմբեր 3 08:43 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

 Ստեփանավանը ևս մեկ անգամ դարձավ «ժողովրդավարության բաստիոնի» այն թատերաբեմը, որտեղ ցույց տրվեց, թե ինչպես է պետք տանել «ջախջախիչ հաղթանակներ»։ Իշխանական տրամաբանությունն այնքան պարզ է ու «հանճարեղ», որ կարելի է մտցնել քաղաքագիտության դասագրքերի մեջ՝ որպես «նորարարական տեխնոլոգիա». ինչո՞ւ հոգնել, քարոզարշավ անել, ժողովրդին համոզել կամ ծրագրեր ներկայացնել, եթե կարելի է ընտրություններից առաջ հիմնական մրցակցին ու իր թիմին պարզապես տանել բանտ։ Ահա և «ջախջախիչ հաղթանակի» ողջ գաղտնիքը. դատարկ ռինգում ինքն իրեն հաղթող հռչակելն, իհարկե, աննախադեպ «քաջություն» է պահանջում։

Դե, իշխանություններն էլ իրենց նախընտրական գլխավոր գործիքը դարձրել են ոչ թե քվեաթերթիկը, այլ ձեռնաշղթաները։ Հոկտեմբերի 21-ին «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում այնպիսի «օրինական» իրարանցում սարքեցին, որ 14 հոգու միանգամից մեկուսացրին, իսկ համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին ու նրա թիմակիցներին արագի մեջ տեղավորեցին կալանավայրերում ու տնային կալանքներում։ Մեկ էլ տեսար՝ մրցակիցը հանկարծ բնականոն քարոզարշավ արեց ու քվեներ հավաքեց. չէ՞ որ ավելի ապահով է, երբ թեկնածուն քվեարկության օրը ճաղերի հետևում է, իսկ դուք հանգիստ կրում եք հաղթական դափնիները։ Այդպես «ջախջախելն» ու հետո կրծքին խփելը, թե «տեսաք՝ ինչպես հաղթեցինք», մոտավորապես նույնն է, թե դատարկ ռինգում մենամարտես ու քեզ աշխարհի չեմպիոն հռչակես։

 
 

Իսկ երբ «Ուժեղ Հայաստանն» անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ու փորձեց բողոքարկել ընտրության այս «հանճարեղ» արդյունքները, իշխանական համակարգն ակնթարթորեն միացրեց իր ավտոմատ մերժման կոճակը։ Ո՞վ է տեսել սեփական «նկարած» հաղթանակն իշխանությունը չեղարկի մի դիմումով։ Ձևակերպելով այս իշխանության «արդարամտության» իրական դեմքը՝ Գոհար Մելոյանը արձանագրեց. «Դե, բնականաբար մերժեցին»։

Հիմա էլ իշխանավորները երևի հպարտացած սպասում են միջազգային գործընկերների արձագանքին. պատկերացնո՞ւմ եք՝ դրսում նստած պաշտոնյաների զարմանքը, երբ տեսնեն, որ «ժողովրդավարության» անվան տակ ընդդիմադիրներին պարզապես չեզոքացնում են ընտրություններից առաջ, իսկ հետո լուրջ դեմքով հայտարարում իրենց «ժողովրդական մանդատի» մասին։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում