Երևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը


Երևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը
Հոկտեմբեր 26 15:06 2026

Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց ստոր քայլն ուղղված է հայ զինվորի դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դուռը կոտրելով մտել են ներս և այնտեղից հափշտակել զինվորի համար որպես հանգանակություն եղած դրամների արկղը, որի մեջ եղել է գումար։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Էրեբունու բաժնից փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած ստահակի կամ ստահակների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտաբերելու ուղղությամբ։