Մոտ տասը տարի առաջ Media.am-ում հրապարակել էի «Հայաստանի համացանցն անվերադարձ անհետանում է» հոդվածը։ Խոսքը փակվող կայքերի, անհետացող բաժինների և առանց պատշաճ պահպանման մնացող նյութերի մասին էր։ Հոդվածում մի հատված էլ կար 2016թ․-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի թեմայով․ «Զարմանալի չի լինի, եթե տասը տարի հետո ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության մի մասը պարզապես անհետանա վերոնշված պատճառներով»։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Այդ օրերից անցել է տասը տարի։ Ժամանակն է վերադառնալ հարցին՝ ի՞նչ ենք այսօր կարողանում կարդալ, ո՞ր աղբյուրներին ենք դեռ հասնում, և որտե՞ղ է ճանապարհն ընդհատվում։
Այս տասը տարում մենք ունեցանք ևս երկու պատերազմ Արցախում։ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին ստուգեցի 2016թ․-ի քառօրյա պատերազմի մասին մի քանի հրապարակում և Արցախի պաշտոնական ու լրատվական կայքերի հասցեները։ Սա փոքր ընտրանք է, որը չի կարող ցույց տալ կորուստների ամբողջ ծավալը։ Բայց այն արդեն տալիս է կոնկրետ օրինակներ․ նյութը կարող է պահպանված լինել վերահրապարակման մեջ, մինչդեռ սկզբնաղբյուրը չի բացվում։ Դոմեյնը կարող է աշխատել, սակայն նախկին կայքի փոխարեն վաճառքի առաջարկ ցուցադրել։
Տեքստը կա, իսկ սկզբնաղբյո՞ւրը
Սկսենք պահպանված նյութերից։
Հասանելի են ՀՀ պաշտպանության նախարարության 2016-ի ապրիլի 2-ի պաշտոնական հայտարարությունը։ Հասանելի են նաև ՍիվիլՆեթի նույն օրվա ժամանակագրությունը, NEWS.am-ի ապրիլի 2–3-ի իրադարձությունների ամփոփումը, Արմենպրեսի օրվա խրոնիկան և Ազատության ապրիլի 6-ի հրապարակումը։
Այս հինգ նյութերի հիմնական տեքստերը ստուգման պահին հասանելի էին։ Դա լավ արդյունք է, բայց դրանցով հնարավոր չէ եզրակացնել, թե պատերազմի թվային պատմությունը պահպանված է։ Որոնմամբ ավելի հեշտ ենք գտնում հենց այն էջերը, որոնք դեռ աշխատում են։ Անհետացած նյութերի ամբողջական ցանկ չունենք, քանի որ որոնողական մեքենաները այդ նյութերի անհետացումից որոշ ժամանակ անց դադարում են դրանք ընդհանրապես ցուցադրել որոնման արդյունքներում։
Բացի այդ, հոդվածի տեքստի առկայությունը դեռ ամբողջ նյութի պահպանում չէ։ Տարիներ անց կարող են չաշխատել ներդրված տեսանյութը, սոցիալական ցանցի գրառումը կամ փաստաթղթին տանող հղումը։
Պաշտպանության բանակի կայքը արդեն գոյություն չունի, բայց այնտեղ հրապարակված նյութերը Ապրիլյան պատերազմի ընթացքում ունեն պատճեններ հայաստանյան մամուլում։ Վերահրապարակումը կա, սկզբնական հասցեն՝ այլևս ոչ։
Տեքստերը, հետևաբար, ամբողջությամբ կորած չեն։ Բայց աղբյուրների շղթան ընդհատված է։ Հետազոտողը կարող է կարդալ, թե լրատվականն ինչ է վերարտադրել, սակայն նույն հղումով արդեն չի կարող համեմատել այն պաշտոնական բնօրինակի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում










