«Հայաստան» խմբակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպի համար քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը։
«Այո՛, մենք միանալու ենք այդ նախաձեռնությանը, այո՛, այն բարոյահոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջայան հետևանքը սպանություններն ու ինքնասապանություններ են, չի կարող չմտահոգել, անվտանգային այն միջավայրը, որի անմիջական հետևանքը անզգուշությամբ պատճառված մահերն են, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ բանակում մահվան դեպքերի առկայությունը վկայում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կոմպետենտ չէ։
Անդրադառնալով Շաքիի դեպքին՝ Խաչատրյանն ասաց, որ դեպքը պետք է մանրաման քննարկվի։
«Զինված ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, իսկ ՀՀ իշխանությունները որևէ բան չեն արել՝ հույսը թողնելով, որ 3 երեխաների մայրը զինված ասկյարին կվնասազերծի»։ ՊՆ-ի, ԱԱԾ-ի ու ոստիկանության պատասխանատու պաշտոնյաները պետք է համարժեք գնահատականի արժանանան»,- նշեց նա։
Խաչատրյանը վստահ է, որ ՔՊ-ն չի միանա այս հարցով քննիչ հանձնաժոողով ստեղծելու նախաձեռնությանը։










