Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ


Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ
Հոկտեմբեր 1 22:40 2026

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը քաղաքացիներին կոչ է անում միանալ վաղը ԱԱԾ շենքի մոտ կայանալիք բողոքի ակցիային, որի պահանջն է՝ կալանավորել Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն և նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունում նշված է․

«Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։

Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։

Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։

Մենք պահանջում ենք.

- Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։

- Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։

Հոկտեմբերի 2

Ժամը՝ 15:00-ին

Վայրը՝ ԱԱԾ շենքի դիմաց»։