ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը առցանց մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը արտերկրից ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի ոլորտում։
Վարդապետյանը նշել է, որ անդրսահմանային հանցավորության պայմաններում ապօրինի ձեռք բերված ակտիվները կարող են տեղափոխվել տարբեր երկրներ, գրանցվել փոխկապակցված անձանց անունով կամ վերափոխվել գույքի այլ տեսակների։ Նրա խոսքով՝ ակտիվների վերադարձը պետք է դիտարկել որպես համալիր գործընթաց՝ հայտնաբերումից և հետագծումից մինչև սառեցում, առգրավում, բռնագանձում և փաստացի վերադարձ։
Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմը՝ նշելով, որ քրեական հետապնդման անհնարինությունը չպետք է ինքնաբերաբար նշանակի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի անհնարինություն։
Վարդապետյանի խոսքով՝ Հայաստանում այս ուղղությամբ իրավական հիմք է ձևավորվել 2020 թվականին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմամբ, որը հնարավորություն է տվել կիրառել ինքնուրույն քաղաքացիաիրավական մեխանիզմ։
Նա ընդգծել է նաև միջազգային համագործակցության կարևորությունը՝ հատկապես ակտիվների հայտնաբերման և հետագծման, դրանց օպերատիվ սառեցման ու առգրավման, դատական ակտերի փոխադարձ ճանաչման և բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հարցերում։
«Մեր ընդհանուր նպատակն է ապահովել, որպեսզի ակտիվի հայտնաբերման և դրա փաստացի վերադարձի միջև իրավական վակուում չառաջանա»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը։










