ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
«Դատարանը մեղադրյալների նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ փախուստի դիմելու և նոր հանցանք կատարելու հավանականություն, դատարանը գնահատմամբ, իսպառ բացակայում է, իսկ օրենքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտանությունների կատարումն էլ մեղադրյալների իրավունք-պարտականություններից է բխում, պատշաճ կարգով այս շուրջ 2 տարիների ընթացքում մեղադրյալները պահպանել են։ Մեղադրյալներից որևէ մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում»,- հայտարարեց դատավորը։
Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել է նրանց նկատմամբ կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը՝ ենթադրյալ հնարավոր փախուստի հիմնավորմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի այդ հոդվածը։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:










