Ես նման տեղեկություն չունեմ, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմից կան ազդակներ, որ գազային պայմանագրում փոփոխություններ հնարավոր է լինեն, ասաց ԱԽՔ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ասել ենք և մնալու ենք այդ դիրքորոշմանը, որ մենք 4 երկիր ունենք, որ 5-րդն էլ տրանզիտային գազ առաջարկի, մենք այդ առաջարկը քննարկելու ենք։ Վարչապետն էլ ասել է, որ մենք պատրաստ չենք և չենք էլ լինելու կախված մեկ խողովակից, քմահաճույքից և մեկ ճնշման կոճակից ու ՀՀ-ի տնտեսության բոլոր ճյուղերում անելու ենք դիվերսիֆիկացման պրոցեսը»,-ավելացրեց նա։
Հարցին՝ ՀՀ-ն գազի մասով հնարավո՞ր է ՌԴ-ի կողմից ճնշվի, Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ-ն անկախ պետություն է՝ իր ժողովրդավարության շնորհիվ։ ՀՀ-ն չունի կոնֆլիկտ, որը կօգտագործվի ՀՀ-ում քաղաքական պրոցեսներ գեներացնելու, դրանք ցանկացած ուղղությամբ տանելու համար։ Ի դեպ, ՌԴ գործընկերներն էլ են ասում, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է, իրենք ընդունում են դա։ ՀՀ-ն իր շահերը չի զիջել և չի զիջելու»։










