Լրագրող Լիա Սարգսյանը գրել է.
«Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ իրեն մեծ կարեւորություն տալու համար թիկնապահին նստեցրել է բանակցությունների սեղանի շուրջ․ ՊՊԾ աշխատակիցը մի տեղ դուռ է բացում, մեկ այլ կադրում նստած «բանակցում» է։ Պողոսյանի գավառական ցուցամոլությունը գերազանցում է Էվերեստի բարձրությունն ու հասնում Մարիանյան իջվածքի խորությանը։ Նա որոշել է, որ իր անվտանգությունը պետք է ապահովվի ոչ միայն միջանցքում, մեքենայում ու հանդիպման սրահում, այլև՝ անմիջապես բանակցությունների սեղանի մոտ։
Պատկերն առավել ուշագրավ է՝ հաշվի առնելով, թե ում հետ էր հանդիպումը։ Պողոսյանը բանակցում էր Չինաստանի հանրային անվտանգության նախարարության ղեկավարության հետ։ Ու հենց այս կառույցի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ թիկնապահին կողքին նստեցնելն առնվազն անհարգալից վերաբերմունք է այդ կառույցի ղեկավարի նկատմամբ։
Ստացվում է՝ կա՛մ Պողոսյանը չի վստահում հյուրընկալող կողմին, կա՛մ համարում է, որ իր անվտանգությունն այնտեղ պատշաճ կերպով ապահովված չէ։ Հետաքրքիր է, որ Չինաստան կատարած այցի ժամանակ սեփական անձի կարևորությունն այս աստիճան ընդգծելու անհրաժեշտություն չի տեսել անգամ Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում ՊՊԾ աշխատակիցներին բանակցությունների սեղանի շուրջ չենք տեսնում։
Մի խոսքով՝ չտեսության ու գավառամտության իսկական մաստերկլաս՝ փորձել ավելի կարևոր երևալ, քան քո անձն է, պաշտոնդ ու այն իրավիճակը, որում հայտնվել ես»։










