Անհիմն է, էդպիսի մտադրություն չունեմ. Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ ցուցակով Մեղրիի քաղաքապետ առաջադրվելու լուրերի մասին


Անհիմն է, էդպիսի մտադրություն չունեմ. Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ ցուցակով Մեղրիի քաղաքապետ առաջադրվելու լուրերի մասին
Սեպտեմբեր 22 16:01 2026

Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե պատրաստվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել:

«Անհիմն, փուչ խոսակցություններ են, էդ լուրերի ոչ մի տառը ճիշտ չէ: Այդ խոսակցությունները հիմք չունեն: Ո՛չ էդպիսի հարց է եղել, ո՛չ էդպիսի քննարկում է եղել, երևակայության արդյունք է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի նախկին ղեկավարը:

Մխիթար Զաքարյանը պնդեց, որ քաղաքական դաշտ վերադառնալու նպատակ չունի:

 Հարցին՝ իշխանության կողմից առաջարկ լինելու դեպքում ՔՊ-ի ցուցակով կառաջադրվի՞ Մեղրիի համայնքապետի պաշտոնում՝ Զաքարյանն արձագանքեց. «Որ կողմից էլ առաջարկ լինի, կմերժեմ, ընդհանրապես, էդպիսի մտադրություն չունեմ: Ես զբաղված եմ անձնական գործերով»:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում մամուլում հրապարակումներ կան, ըստ որի՝ սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել․ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ է հայտ ներկայացրել՝ առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու, ընդ որում՝ ՔՊ ցուցակով:

Մխիթար Զաքարյանը հայտնի «սյունյաց ողջույններ»-ի հեղինակներից էր և Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա հրապարակավ ներողություն խնդրել, որից հետո հեռացել էր քաղաքական դաշտից և վերադարձել բիզնես դաշտ։