Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից


Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Սեպտեմբեր 17 16:47 2026

Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

Խաչատրյանը պաշտոնից հեռանալու կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիներին քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացված աշխատանքն ու բարեփոխումները։

Նրա խոսքով՝ վերջին տարիների հիմնական խնդիրը ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։ Խաչատրյանը նշել է, որ 2020 թվականին ԵՄ-ի կողմից իրականացված գնահատողական այցի ընթացքում արձանագրվել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը և ավիացիոն իշխանության կառուցվածքը չեն համապատասխանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։

«Այս տարիների հիմնական խնդիրը, հետևաբար, ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ այդ ընթացքում ստեղծվել են երկու նոր ստորաբաժանումներ, վերանայվել և փոփոխվել է Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, մշակվել, հաստատվել և ներդրվել է ավելի քան 30 նոր քաղաքականություն և ընթացակարգ։ Ներդրվել է նաև կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, համակարգվել և փաստաթղթավորվել է վերահսկողության գործընթացը, ձևավորվել է ներքին որակի կառավարման համակարգ։

Խաչատրյանը նշել է նաև, որ մշակվել է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման ու վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նրա խոսքով՝ ընդլայնվել է համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ։

«Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա»,-ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ կատարված աշխատանքի արդյունքները հաստատվել են ICAO-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով և ԵՄ-ի կողմից 2025 թվականին իրականացված գնահատողական այցի արդյունքներով։ Խաչատրյանը միաժամանակ նշել է, որ ոլորտում դեռևս շատ անելիքներ կան, սակայն աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։

 «Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են»,-ընդգծել է նա։

Միհրան Խաչատրյանը նշել է, որ պաշտոնը թողնելով՝ չի հեռանում ոլորտից և պատրաստ է հետագայում ևս իր փորձով ու գիտելիքներով նպաստել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։