Ինչո՞ւ Դատախազությունը չի տալիս այն 411 անձանց անունները, որոնց գույքերի մասով գործ է հարուցվել, սակայն վարույթ չի իրականացվել. Մանուկյան


Ինչո՞ւ Դատախազությունը չի տալիս այն 411 անձանց անունները, որոնց գույքերի մասով գործ է հարուցվել, սակայն վարույթ չի իրականացվել. Մանուկյան
Սեպտեմբեր 16 17:00 2026

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անդրադարձավ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացին՝ նշելով, որ դատախազության պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկությունները թերի են։

Նրա խոսքով՝ փորձել է դատախազությունից պարզել, թե ընդհանուր առմամբ քանի անձի գույքի վերաբերյալ է ուսումնասիրություն իրականացվել, սակայն ստացված տվյալների և պաշտոնապես հրապարակված թվերի միջև էական տարբերություն է արձանագրել։

«Հրապարակված թվերը և այն թվերը, որոնք ինձ են տվել, ահռելի մեծ տարբերություն ունեն։ Սակայն այդքանով հանդերձ՝ 411 անձի վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել։ Դատախազությունը հրաժարվում է հայտնել, թե ովքեր են այդ մարդիկ։ Տպավորություն է, որ այդ ցուցակում շատ տպավորիչ մարդիկ կան»,- ասաց Մանուկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հարցադրմանը, նշել է, որ եթե դատախազությունը որոշ տեղեկություններ չի հրապարակել, ապա դրա համար, հավանաբար, իրավական հիմքեր է ունեցել։

«Վարչապետը դատախազությանը չի կարող հանձնարարական տալ։ Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ շատ լայնածավալ տեղեկատվություն է տարածում ՀՀ դատախազությունը»,- նկատեց  Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարող են լինել դեպքեր, երբ Սահմանադրական դատարանի կողմից այդ գործընթացներին վերաբերող որոշումների արդյունքում գործերի և քննությունների դիտանկյունները փոխվեն։

«Ձեր հարցն իմ լիազորությունների շրջանակից դուրս է, և ես չեմ հավակնի խորը գնահատական տալ»,- ընդգծեց վարչապետը։

 Մանուկյանն էլ հավելեց, որ այդ կերպ փորձում են հասկանալ՝ արդյոք երկակի ստանդարտներ են գործում. «Կներեք, բայց բազմիցս տեսել ենք, որ ձեր լիազորություններից դուրս հրահանգներ տվել եք»