ԱԺ խորհուրդն առաջարկում է ձևավորել Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբեր


ԱԺ խորհուրդն առաջարկում է ձևավորել Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբեր
Սեպտեմբեր 11 19:01 2026

«Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը»,- հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց:

Խորհրդի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի իններորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկն ու Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը։

Սահմանվել են նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով Ազգային ժողովի պատվիրակության անդամների թիվը և խմբակցությունների ներկայացվածության համամասնությունները։ Որոշման համաձայն՝ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկայացված կլինի 2, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ 1 անդամ։

Հաստատվել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի իններորդ գումարման պատվիրակությունների կազմերը, նաև՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Ազգային ժողովի իններորդ գումարման պատվիրակության կազմը։

Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ԱԺ աշխատակազմը համալրել Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի քարտուղարությամբ։

ԱԺ խորհրդի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ձևավորել Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբերը»։