Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ


Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
Սեպտեմբեր 10 15:07 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Կարապետյանը պահանջում է դատական կարգով պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026թ․ մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար։ Սամվել Կարապետյանը պահանջում է որպես ներողության տեքստ հրապարակել հետևյալը՝ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:

Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի պատասխանողի կամ  երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը»,- նշվում է հայցադիմումում։

Որպես վիրավորանքի համար փոխհատուցում՝ Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 3 մլն դրամ, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։ Հայցադիմումը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ  մայիսի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Փաշինյանը Չինաստանից իր հետ 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է ելույթներից առաջ։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը հալյուցինացիա առաջացնող սնկերի մասին լսել է հենց Կարապետյանից ու նրա շրջապատից, և սպառնացել էր դատարանում դե յուրե «սունկ կերցնել» նրան: