«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։
Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ մեր տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։
Հատկանշական է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիմ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։
Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։










