Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»


Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 8 10:01 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 17-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանում՝ Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների հատման հատվածում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հինգ անձ ճանաչվել է տուժող։ Վթարին մասնակցել են «Mercedes-Maybach» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Դեպքից հետո ինֆորմացիայի սկզբնաղբյուր shamshyan.com-ը տեղեկություն հրապարակեց, որ պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։

 

 

 

Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ «Մերսեդես-Մայբախ»-ը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որը վթարի պահին գտնվել է մեքենայում, իսկ մեքենան, ըստ շրջանառվող տեղեկությունների, վարել է նրա հետ գտնվող կինը։

 

Դեպքից շուրջ երեք ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ է հաջողվել պարզել քննությամբ, մասնավորապես՝ ով է իրականում գտնվել մեքենայի ղեկին։

Քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ իրականացվում է պատշաճ և համակողմանի նախաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի և վթարված մեքենաների զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Հարցաքննվել են մի շարք անձինք, իսկ հինգ անձ ճանաչվել է տուժող։

 

ՔԿ-ն նաև հաստատել է, որ քննության շրջանակում ուսումնասիրվում է «վթարի պահին այլ անձի կողմից «Mercedes-Maybach» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդ ներկայացած լինելու հնարավոր հանգամանքը»։

 

Այսինքն՝ այս պահին քննությունը դեռ վերջնական պատասխան չի տալիս, թե ով է եղել մեքենայի փաստացի վարորդը։

Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ համապատասխան փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանք մյուս ապացույցների հետ համադրելուց հետո հնարավոր կլինի յուրաքանչյուր անձի արարքին տալ համապատասխան քրեաիրավական գնահատական։

 

Միևնույն ժամանակ, ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվում։

 

Ժողովուրդը թեմային կանդրադառնա, երբ Քննչական կոմիտեն կներկայացնի փորձաքննությունների եզրակացություններն ու վարորդի ինքնության վերաբերյալ վերջնական արդյունքները։

Իսկ մինչ այդ մեկնաբանության համար դիմեցինք ՀՖՖ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին՝ պարզելու, թե ինչ է մեկնաբանում նա իրեն պատկանող մեքենայի վթարի մասով։

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն, անդրադառնալով վթարին, նշեց, որ տվյալ մեքենան իր կնոջն է պատկանում, որի ղեկին եղել է կնոջ վարորդը։

 

Եշիշե Մելիքյանի խոսքով՝ և՛ ինքը, և՛ կինը մեքենա չեն վարում, քանի որ ունեն անձնական վարորդներ։ Նրա խոսքով՝ ինքը վթարի ժամանակ մեքենայի մեջ չի եղել։

Ի դեպ, Եղիշե Մելիքյանը հիմա շրջում է այս լուսանկարի գերթանկարժեք ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։