Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության, որ ծավալվում է Հայաստանի հարավում. Քաղաքական վերլուծաբան


Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության, որ ծավալվում է Հայաստանի հարավում. Քաղաքական վերլուծաբան
Սեպտեմբեր 5 23:18 2026

«Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆն ու փեսա Քուշները ժամանել են Մոսկվա, որտեղ կբանակցեն ռուսական կողմի հետ, մեծ հավանականությամբ արժանանալով նաեւ Պուտինի ընդունելությանը։  Մոսկվայից հետո, ըստ նախնական տեղեկության, կայցելեն Կիեւ՝ Զելենսկու հետ բանակցության։ Չի բացառվում իհարկե, որ Կիեւ այցը կախված կլինի Մոսկվայի արյունքից, քանի որ հնարավոր է, որ Մոսկվայում լինի այնպիսի արդյունք, որ Կիեւ մեկնելն այս պահին գոնե լինի անիմաստ։ Բոլոր պարագաներում, ազդարարված է, որ կայցելեն Մոսկվա, իսկ հետո՝ Կիեւ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա մանրամասնում է.

«Ուիտկոֆֆի ու Քուշների այցին ընդառաջ Պեսկովը հայտարարել էր, որ չեն տեսնում ուկրաինական պատերազմի դադարեցման նախադրյալ։ Միամանակ հետաքրքիր է, որ ռուսական կողմը նախօրեին հարվածել է Կիեւում Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Այստեղ ուշագրավ է այն, որ դրանից ժամեր առաջ Պուտինը հայտարարել էր հատուկ ծառայությունների գծով ռուս–ուկրաինական շփումների մասին։ Այդ հայտարարության ֆոնին հարվածը Կիեւում ազգային անվտանգության ծառայության շենքին, առաջացնում է որոշակի հետաքրքրություն։

Զուգահեռ, ուկրաինական կողմը երկու օր առաջ հայտարարել էր, թե անօդաչուները ՌԴ ուղղությամբ կակտիվացնեն այնքան, որ Ռուսաստանի հնարավորություն չի ունենա ապահովել քաղաքացիական ավիացիայի բնականոն աշխատանք։ Սա իհարկե Ուիտկոֆֆի եւ Քուշների այցից առաջ դիվանագիտական դիրքային պայքար է թերեւս, որի արդյունքը հնարավոր կլինի գնահատել միայն ամերիկյան պատվիրակների այցից հետո։ Անկասկած է, որ նրանք հենց այնպես չէ, որ մեկնում են Մոսկվա։

Մյուս կողմից սակայն, նրանց օրակարգը հազիվ թե լինի գերազանցապես ուկրաինական։ Հետեւաբար, արդյունքը թերեւս ճշգրիտ չի լինի չափել միայն ուկրաինական հարցում որեւէ զարգացումով։

Ի դեպ, Ուիտկոֆֆի ու Քուշների մոսկովյան այցից առաջ թերեւս արժե ուշադրության արժանացնել մի քանի հետաքրքիր հանգամանք՝ ուղեկցող հանգամանք։

Մոսկվա այցից մի քանի օր առաջ Ուիտկոֆֆը փաստորեն հոդված է հրապարակում Թրամփի ուղու մասին, որը տարածում է նաեւ Թրամփը՝ իր սոցցանցային էջում։ Բնականաբար, Ուիտկոֆֆը խաղաղասիրական խոսքեր է շռայլում ծրագրի հասցեին, այն որակելով աշխարհաքաղաքական կարեւոր նախագիծ եւ Թրամփի դիվանագիտական «հանճարի» արդյունք, միեւնույն ժամանակ նշելով, թե այն կարող է օրինակ ծառայել նաեւ Մերձավոր Արեւելքի համար։ Մինչ ամերիկյան կողմը այդպիսի խոսքեր է շռայլում Թրամփի ուղու մասին, Ռուսաստանը «շռայլում» է մտահոգություններ։

«Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի տարածքով ամերիկացիներին թույլ է տալիս տեղակայել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, հետախուզական ենթակառուցվածքը անմիջապես Հայաստանի տարածքում և Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ», հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեակալ Ալեքսեյ Շեւցովը։ Մոտ երկու շաբաթ առաջ լրահոսում տարածվեց նաեւ Իրանի զինված ուժերի հրամանատարի խորհրդականի հայտարարությունը, որ Թրամփի ուղու հարցում Հայաստանն ու Իրանը չունեն ընդհանուր մոտեցում, եւ՝ որ Իրանի համար ինչպես Հորմուզի նեղուցում է անընդունելի ամերիկյան ներկայությունը, այդպես էլ Կովկասում։ Իհարկե կասկածի տակ դրվեց այն, թե եղել է իրապես այդպիսի հայտարարություն, բայց համենայն դեպս Իրանը պաշտոնապես որեւէ կերպ չհերքեց դրա եղելությունը։

Անկասկած է, որ Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության, որ ծավալվում է Հայաստանի հարավում։ Մրցակցություն, որը կարող է խաղաղությունը վերածել բախման կետի, եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ հնարավոր չլինի այդ գոտում մերձեցնել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մոտեցումներն ու շահերը։ Իսկ այն, որ այդ ռիսկը առկա է, վկայում է դեռեւս ամիսներ առաջ Ռուսաստանից հնչած թերեւս ամենից էական գնահատականը։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, որը 2020 թվականի պատերազմից հետո զբաղվում էր կոմունիկացիաների հարցով հայ–ռուս–ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահողի աշխատանքով, 2026 թվականի ապրիլի 2–ին՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի հաջորդ օրը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Թրամփի ուղին խախտում է այդ ռեգիոնում հաստատված անվտանգային ստատուս–քվոն։ Օվերչուկը հայտարարեց, որ այդ ռեգիոնում ստատուս–քվոն հաստատվել է դեռեւս Գյուլիստանի ռուս–պարսկական պայմանագրով, մոտ 200 տարի առաջ, ու Թրամփի ուղին խախտում է այդ պայմանագիրը։

Օվերչուկը եզրակացրել էր, որ դա նշանակում է անվտանգության սպառնալիք։ Ընդգծենք, որ նրա այդ հարցազրույցը հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո։ Ուիտկոֆֆը Թրամփի ուղու մասին իր հոդվածը հրապարակում է իր՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։

Թրամփի ուղին ֆորմալ իմաստով չի վերաբերում ուկրաինական թեմային, բայց ուկրաինական թեման ինքնին ռուս–ամերիկյան ավելի լայն թեմայի առիթ է, հետեւաբար գրեթե անխուսափելի է, որ սեղանին չհայտնվի նաեւ Իրանի հարցը, Մերձավոր Արեւելքի հարցն առհասարակ։ Իսկ դա նշանակում է, որ այնտեղ կլինի նաեւ Թրամփի ուղին։ Ավելին, այս համատեքստում բոլորովին պետք չէ մոռանալ, որ 2025 թվականի օգոստոսի 8–ից առաջ՝ երբ Վաշինգտոնում ստորագրվեց Թրամփի ուղու վերաբերյալ հայտնի եռակողմ հայտարարությունը, նույն Ուիտկոֆֆը դարձյալ Մոսկվայում էր՝ օգոստոսի 6–ին։ Եվ Թրամփի ուղու մասին հայ–ամերիկյան–ադրբեջանական եռակողմ ակտից երկու օր առաջ նա Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ 3,5 ժամ բանակցությունից հետո համաձայնեցրել էր Ալյասկայի Թրամփ–Պուտին հանդիպումը, որ կայացավ արդեն օգոստոսի 15–ին։

Նաեւ, այս ֆոնին բավականին ուշագրավ է եւ այն, որ Բիշքեկում Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բոլոր հարցերը ավելի մանրամասն ու հանգիստ քննարկել Մոսկվայում, առաջիկա օրերին։ Մեծ հավանականությամբ, այստեղ եւս, Մոսկվան դիտարկել է Ուիտկոֆի ու Քուշների հետ քննարկումը, որի արդյունքի համատեքստում էլ թերեւս կլինի Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն ու հանգամանալից քննարկումները Պուտինի հետ»։