2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի հարսանիքը


2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի հարսանիքը
Օգոստոս 10 12:36 2026

Օգոստոսի 8-ի կեսօրին Պորտուգալիայի Մադեյրա նահանգի Ֆունշալ քաղաքի տաճարում հավաքվել էր մոտ 2 հազար մարդ։ Նրանք ցանկանում էին տեսնել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, սակայն, ըստ Euronews-ի, ESPN-ի և այլ լրատվամիջոցների, հայտնվել են բոլորովին այլ արարողության ժամանակ․ գրում է meduza.io-ն։

Ֆուտբոլիստն ինքը հայտարարել էր, որ իր հարսանիքը տեղի կունենա Աշխարհի առաջնությունից հետո։ Նա չէր նշել, սակայն, արարողության ճշգրիտ ամսաթիվը կամ վայրը։ Սակայն անցյալ շաբաթ բրիտանական The Sun թերթը հայտնել էր, որ հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ ժամը 15:00-ին, Մադեյրա նահանգի Ֆունշալ քաղաքի տաճարում (Ռոնալդուն այս տարածքից է)։ Ավելին, ըստ թերթի, Կրիշտիանուն պետք է հարսանիքը նշեր հյուրերի հետ Savoy Palace հյուրանոցում, որտեղ երկու հարկ ամրագրվել է «մասնավոր միջոցառման համար»։

Ենթադրյալ հարսանիքի օրը մարդիկ սկսել են հավաքվել Ֆունշալի տաճարում (Sé do Funchal)։ Երբ հարսնացուի մեքենան մոտեցել է, ներկաները հանել են իրենց սմարթֆոններն՝ արարողությունը նկարահանելու համար։ Սակայն մեքենայից դուրս է եկել ոչ թե Ջորջինան, այլ մեկ այլ կին։ Խորանի մոտ կանգնած է եղել ոչ թե Ռոնալդուն, այլ մեկ այլ տղամարդ։

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հանդիպել են Մադրիդում։ Ռոնալդուն այդ ժամանակ խաղում էր «Ռեալ Մադրիդում», իսկ Ջորջինան աշխատում էր որպես վաճառողուհի Gucci խանութում։ 2017 թվականի նոյեմբերին զույգը դուստր է ունեցել՝ Ալանա Մարտինան։ 2022 թվականի ապրիլին Ռոդրիգեսը երկվորյակներ է ունեցել․ դուստրը՝ Բելլա Էսմերալդան, ողջ է մնացել, իսկ որդին՝ Անխելը, մահացել է ծննդաբերության ժամանակ։ Ռոդրիգեսն իր նշանադրության մասին հայտարարել է 2025 թվականի օգոստոսին՝ հրապարակելով իր նշանադրության մատանու լուսանկարը։

Նրանց հարսանիքի ամսաթիվը և վայրը անհայտ են։