Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»


Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»
Օգոստոս 8 08:31 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը փաստացի հայտնվել է խմբակցության ներսում մեկուսացված վիճակում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում նկատեց, որ խմբակցության անդամների և Աղվան Վարդանյանի միջև գրեթե շփում չկա։ Թեև ձևական ողջույններ լինում են, սակայն որևէ ջերմ կամ աշխատանքային ակտիվ հարաբերություն չի նկատվում։

 

Միայն Ագնեսա Խամոյանի հետ երբեմն կարելի է տեսնել Վարդանյանին՝ ԱԺ սրճարանում՝ միասին սուրճ խմելիս։

 

Խնդրի պատճառը, ինչպես փոխանցում են խմբակցության ներսից, Աղվան Վարդանյանի ավելի վաղ արած հայտարարությունն է, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա ինքը վայր կդնի իր պատգամավորական մանդատը։

 

Խմբակցության գրեթե բոլոր անդամները, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ, պնդում են, որ Աղվան Վարդանյանը կարող էր պահել իր խոստումը և հրաժարվել մանդատից։ Այդ դեպքում խորհրդարան կմտներ Գառնիկ Դանիելյանը, որը ավելի ակտիվ և արդյունավետ խորհրդարանական աշխատանք էր կատարում նախորդ ԱԺ-ում։

 

Լարվածությունն ավելի է խորացրել խմբակցությունում նաև մեկ այլ պատճառով։ Երբ Աղվան Վարդանյանը խոսում էր մանդատը վայր չդնելու հնարավորության մասին, նշել էր, որ այդ ճանապարհին լինելու է Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։ Սակայն վերջին օրերին, երբ իշխանական շրջանակներից խիստ քննադատության թիրախ են դարձել Նարեկ Կարապետյանն ու Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանի կողմից որևէ հրապարակային աջակցություն կամ ակտիվ պաշտպանություն չի նկատվում։

 

Այս պահին ակնհայտ է, որ եթե պատգամավորի մանդատի հարցը շարունակվի մնալ օրակարգում, «Հայաստան» խմբակցության ներսում առկա լարվածությունը ոչ թե կմարի, այլ կարող է նոր զարգացումներ ստանալ»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: