«Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու, ինչպես նաև քաղաքական ժամանակավոր ու նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու ուղղությամբ»,- Սուրբ Էջմիածին Մայր տաճարում, դիմելով հայ ժողովրդին, ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Իր խոսքում Վեհափառն ընդգծեց, որ եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։
«Ցավով ենք անդրադառնում, որ մեր սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր հայ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով նաև մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսի և 4 եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ՝ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով»,- հավելեց Վեհափառը։
Հայտարարեց, որ վճռական են՝ պաշտպանելու իրենց իրավունքները՝ երաշխավորված, ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։
«Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ շարունակելու ենք մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների։ Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը՝ մեզ հասած խիստ նեղությունների մեջ։ Անտարակույս, մեր ապավինությունն Աստված է, մեր ծառայությունը՝ բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։
Սիրելի՜ հավատավոր հայորդիներ, աղոթական համախմբումի այս պահին հայրենական սիրով մեր գնահատանքն ենք բերում ձեզ, և եկեղեցասեր մեր բոլոր զավակներին ի Հայաստան և ի սփյուռս, ազգային ու հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչների, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են մայր եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը»,- շարունակեց Վեհափառը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր ուներ հայ ժողովրդին․
«Հայրապետիս հորդորն է ամենքին՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ, հավատով ու սիրով և հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ դժվարություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր սուրբ եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, Հայրենիքին և եկեղեցուն․․․»։
Նշենք, որ Վեհափառի փաստաբանի խոսքով ՝ Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։










