Երեկ՝ օգոստոսի 5-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից «ջրահեղձություն, ասպիրացիոն համախտանիշ, շնչական անբավարարություն վիճակ՝ սիրտ թոքային վերակենդանացումից հետո» ախտորոշմամբ տեղափոխվել է տղա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ցուցաբերելով մասնագիտական պրոֆեսիոնալիզմ և անհետաձգելի միջոցառումներ՝ փրկել է երեխայի կյանքը, սակայն ներկա պահին նրա վիճակը գնահատվում է ծանր-կայուն, կյանքին վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր պետք է մնա բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ գյուղի տներից մեկից, որտեղ հանգստանալիս են եղել։ Երեխային հայտնաբերել են լողավազանում, գլխիվայր։ Կարողացել են շատ արագ տղային դուրս բերել ջրից։ Երեխան եղել է անգիտակից, կապտած, շնչառությունը բացակայել է։ Տեղում արդեն ծնողների կողմից կատարվել է սրտի անուղղակի մերսում, արհեստական շնչառություն են տվել, իսկ հետո շտապօգնությունը տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 5 տարեկան է, նա Բելգիայի քաղաքացի է։










