Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»


Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»
Օգոստոս 5 09:33 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանում իր մանդատը պահպանած և կրկին Ազգային ժողովի պատգամավոր դարձած Ագնեսա Խամոյանը հանրությանը հայտնի է իր երկարամյա լրագրողական գործունեությամբ։ Նա 2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, որից հետո՝ 2009-2018 թվականներին, աշխատել է «Երկիր» թերթում և yerkir.am կայքում։ 2013-ից 2018 թվականներին Խամոյանը եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև հեղինակային հաղորդումներ է վարել «Երկիր մեդիա» և Հանրային հեռուստաընկերություններում։ Արդեն 2018-2021 թվականներին նա հանդիսացել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-վարողը։ Նրա ակտիվ քաղաքական կարիերան մեկնարկեց 2021 թվականի հունիսի 20-ին, երբ նա ԱԺ պատգամավոր ընտրվեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ուսումնասիրելով ընդդիմադիր պատգամավորի պաշտոնական հայտարարագրերը՝ ներկայացնում ենք նրա գույքի, ֆինանսական միջոցների և եկամուտների շարժը՝ պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2025 թվականը ներառյալ։

2021 թվական՝ պաշտոնի ստանձնում և տարեկան ամփոփում

2021 թվականի օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Ագնեսա Խամոյանը համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է 2016 թվականին գնման եղանակով ձեռք բերված մեկ բնակարան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։ Թեև նա սեփական տրանսպորտային միջոց չի ունեցել, սակայն նշել է, որ 90 և ավելի օր փաստացի տիրապետում է 2012 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենայի։ Պաշտոնը ստանձնելիս նրա կանխիկ միջոցները կազմել են 10 միլիոն դրամ և 6 հազար եվրո, իսկ եկամուտը եղել է 1 միլիոն 595 հազար 291 դրամ, որը գոյացել է «Շարկ» ՍՊԸ-ից ստացած 1 միլիոն 69 հազար 482 դրամ աշխատավարձից և ՊԵԿ-ից ստացված 525 հազար 809 դրամ այլ եկամուտներից։ Որպես վարկային պարտավորություն՝ նշվել է բնակարանի հիպոտեկը՝ 11 միլիոն 567 հազար 858 դրամ մայր գումարի մնացորդով։

Արդեն 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույքի և փաստացի շահագործվող ավտոմեքենայի փոփոխություն չի արձանագրվել։ Տարեվերջին բանկային հաշիվներում ի հայտ է եկել 159 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները նվազել են մինչև 9 միլիոն դրամ, մինչդեռ 6 հազար եվրոն մնացել է անփոփոխ։ Պատգամավորի ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 4 միլիոն 675 հազար 781 դրամ, որից 3 միլիոն 80 հազար 490 դրամը եղել է Ազգային ժողովից ստացած աշխատավարձը, իսկ մնացածը՝ ՊԵԿ-ից և «Շարկ» ՍՊԸ-ից վերոնշյալ վճարումները։ Հիպոտեկային վարկի մնացորդը տարեվերջին կազմել է 11 միլիոն 416 հազար 346 դրամ։

2022 թվականի ֆինանսական պատկերը

Հաջորդ՝ 2022 թվականի ընթացքում ևս պատգամավորը շարունակել է համատեղ սեփականությամբ տնօրինել Ավանի բնակարանը, իսկ որպես փաստացի շահագործվող մեքենա արդեն նշվել է 2013 թվականի արտադրության Mazda։ Տարեվերջին նրա բանկային հաշիվների մնացորդն աճել է մինչև 610 հազար դրամ, սակայն կանխիկ միջոցները նվազել են՝ հասնելով 6 միլիոն դրամի և 5 հազար եվրոյի։ 2022 թվականին Ագնեսա Խամոյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 6 միլիոն 966 հազար 400 դրամ, որի գերակշիռ մասը՝ 6 միլիոն 205 հազար 400 դրամը, կազմել է խորհրդարանից ստացած աշխատավարձը, իսկ 761 հազար դրամը եղել են այլ եկամուտներ։ Բնակարանի հիպոտեկային վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 11 միլիոն 420 հազար 542 դրամ։

2023 թվական՝ եկամուտների և ավանդների աճ

2023 թվականին պատգամավորի ֆինանսական պատկերը որոշակիորեն բարելավվել է։ Անշարժ գույքի և շահագործվող 2013 թվականի Mazda ավտոմեքենայի մասով փոփոխություններ չեն եղել, սակայն տարեվերջին բանկային հաշվին առկա միջոցներն աճել են մինչև 1 միլիոն 528 հազար 772 դրամ, իսկ կանխիկ միջոցները հասել են 7 միլիոն դրամի և 6 հազար եվրոյի։ Էականորեն աճել է նաև տարեկան ընդհանուր եկամուտը՝ կազմելով 12 միլիոն 212 հազար 810 դրամ։ Այս գումարից ԱԺ աշխատավարձը կազմել է 9 միլիոն 534 հազար 870 դրամ, ՊԵԿ-ից ստացվել է 1 միլիոն 610 հազար 280 դրամ՝ որպես այլ եկամուտ, իսկ ևս 2 հազար 750 ԱՄՆ դոլար նա ստացել է Արթուր Մուրադյանից։ Հիպոտեկային վարկի մնացորդը տարեվերջի դրությամբ նվազել է՝ հասնելով 10 միլիոն 605 հազար 866 դրամի։

2024 թվական՝ նոր Lexus և զրոյացված կանխիկ միջոցներ

2024 թվականը ընդդիմադիր պատգամավորի համար առանձնացել է խոշոր գնումով։ Հունվարի 19-ին Ագնեսա Խամոյանը «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ից գնման եղանակով ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մարդատար ավտոմեքենա, որի արժեքը կազմել է 16 միլիոն 500 հազար դրամ։ Անշարժ գույքի բաժնում Ավանի բնակարանը մնացել է անփոփոխ։ Մեքենայի ձեռքբերման այս ֆոնին տարեվերջին Խամոյանը ամբողջությամբ զրոյացրել է իր կանխիկ միջոցները՝ չհայտարարագրելով ո՛չ դրամ, ո՛չ եվրո, իսկ բանկային հաշվին մնացել է 408 հազար 467 դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 7 հազար 4 դրամ, որից 10 միլիոն 190 հազար 230 դրամը գոյացել է ԱԺ աշխատավարձից, 939 հազար 638 դրամը՝ ՊԵԿ-ից, իսկ 4 հազար 800 դոլարը դարձյալ վճարել է Արթուր Մուրադյանը։ Ուշագրավ է, որ բացի բնակարանի հիպոտեկային վարկից, որի մնացորդը կազմել է 10 միլիոն 135 հազար 354 դրամ, ի հայտ է եկել նոր վարկային պարտավորություն՝ 2 միլիոն 323 հազար 764 դրամ մայր գումարի մնացորդով, ինչի արդյունքում վարկերի ընդհանուր պարտքը հասել է 12 միլիոն 459 հազար 118 դրամի։

2025 թվականի վերջին հայտարարագիրը

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի շեմին ներկայացված վերջին՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրին, ապա այստեղ նոր գույքի ձեռքբերում կամ օտարում չի արձանագրվել։ Ագնեսա Խամոյանը շարունակել է տնօրինել Ավանի բնակարանը և նախորդ տարի գնված հարմարավետ Lexus ավտոմեքենան։ Ֆինանսական շարժն աչքի է ընկնում նրանով, որ տարեսկզբին հայտարարագրված 1 միլիոն դրամ և 2 հազար դոլար կանխիկ միջոցները տարեվերջին կրկին ամբողջությամբ սպառվել են, փոխարենը նկատելիորեն աճել է բանկային հաշիվների մնացորդը՝ հասնելով 3 միլիոն 23 հազար 754 դրամի։ 2025 թվականին պատգամավորի ընդհանուր եկամուտը գրանցել է հերթական աճը՝ կազմելով 15 միլիոն 356 հազար 733 դրամ։ Այս գումարի առյուծի բաժինը՝ 12 միլիոն 693 հազար 240 դրամը, կազմել է պետական բյուջեից վճարվող պատգամավորական աշխատավարձը, 887 հազար 493 դրամը ստացվել է ՊԵԿ-ից, իսկ 4 հազար 800 դոլարը՝ որպես այլ եկամուտ, ստացվել է Արթուր Մուրադյանից։ Տարեվերջի դրությամբ երկու վարկերի ընդհանուր պարտքը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 10 միլիոն 536 հազար 101 դրամի, որից 9 միլիոն 611 հազարը բնակարանի հիպոտեկն է եղել, իսկ 925 հազար 101 դրամը՝ երկրորդ վարկի մնացորդը։ Ի դեպ, ինչպես 2024-ի, այնպես էլ 2025 թվականի հայտարարագրերի ընտանիքի անդամների բաժնում նշված է մեկ անչափահաս զավակի և Արթուր Մուրադյանի մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: