Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն ոմիտեից ու մանրամասնում՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու և այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել և քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ:
Բացի այդ, վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ ՍՊ ընկերության իրական շահառու՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, Ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ՝ հողամասն ավելի քան 24 մլն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:
Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










