Փաստորեն մենք ներքաղաքական կայունություն ունենք՝ վրեքներս խաբար չկա. Փաշինյան


Փաստորեն մենք ներքաղաքական կայունություն ունենք՝ վրեքներս խաբար չկա. Փաշինյան
Հուլիս 30 12:21 2026

«Շատ կարևոր լուր ունենք»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը և սկսեց կարդալ 1in.am-ի հրապարակած լուրը.

 «Moody’s վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Moody’s-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով.

Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ (ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության խորացմամբ) և ներքաղաքական կայունությամբ»։

Վերջին որակավորումը կարդալուց հետո Փաշինյանը կատակեց.

«Ի միջի այլոց, սա շատ հետաքրքիր դիտարկում է, փաստորեն մենք ներքաղաքական կայունություն ունենք՝ վրեքներս խաբար չկա»։

Նա շարունակեց կարդալ 1in.am-ի հրապարակած լուրը.«Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ՝ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5-5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։

Տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով՝ հատկապես տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտներում, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ և արտադրողականության բարձրացման հեռանկարներով»։