Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուշավան թաղամասում այրվում է չոր խոտածածկ տարածք։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն 4 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, պայքարում են մի քանի հեկտար խոտածկ տարածքում առաջացած կրակի տարածման դեմ, ինչի շնորհիվ կրակի ճիրանները չեն հասել բնակելի տներին։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր ոչ միայն հերթապահություն են իրականացնում, այլև մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։










