«Գագիկ Ծառուկյանը՝ թե ինքը անձամբ, թե իր քաղաքական թիմի հետ, թե քաղաքական թիմին հանձնարարելով, հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների բարելավմանը։ Մշտապես չի եղել Իրանի հետ կապված ինչ-որ մի գործընթաց, որ մենք կամ մեր կարծիքը, կամ մեր սատարումը ներգրավված չլինենք»,- Իրանի դեսպանատան մոտ հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը։
Նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և նշել, որ ցավով արձանագրում են՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործընթացներում ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։
«Լիահույս ենք, որ Իրանի Հանրապետության պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, որ թույլ չտան Իրանի քաղաքացիներին ներքաշվել Հայաստանում տեղի ունեցող ապօրինի ներքաղաքական գործընթացների մեջ»,- ասել է Աբովյանը։
Նրա խոսքով՝ Իրանում տեղի ունեցած իրավական գործընթացների շրջանակում կան որոշումներ, որոնք, ըստ իրեն, հերքում են Ծառուկյանին ներկայացվող մեղադրանքները։ Աբովյանը նշել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել հայ-իրանական հարաբերությունների պահպանման ուղղությամբ։
«Մենք արել ենք, անում ենք և կանենք, որ հանկարծ հայ-իրանական հարաբերությունները չփչանան, ոչ մի պարագայում մենք դա չպետք է թույլ տանք»,- ասել է նա։










