Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանն ավելի քան մեկ ամսի չի զանգել կնոջը։ Այս մասին ահազանգում է Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը։
Սոցիալական ցանցերի իր էջերում փաստաբանը մանրամասնում է, որ Լյուդվիգ Մկրտչյանի կինը՝ Հրանուշ Շահբազյանը վերջին անգամ ամուսնա ձայնը լսել է հունիսի 19-ին։ Այդ ժամանակ ռազմագերին հայտնել է, որ իրեն թույլ է զգում, ընկել է։
«Նրան ուղարկել են սրտաբանական հետազոտության... և հետո՝ ոչինչ։ Ոչ մի ախտորոշում։ Ոչ մի բացատրություն։ Եվ դրանից հետո՝ լիակատար լռություն։ Նա 56-ամյա տղամարդն արդեն վեց տարի է՝ Բաքվի բանտում է»,-գրել է փաստաբանն ու նշել, որ վերջին բժշկական հետազոտություններն ահազանգում են վտանգի մասին։
Լուսիանա Մինասյանի խոսքով, նրա իրավիճակը գնալով վատացել է, նրա ընտանիքը անորոշության մեջ է, ոչ մի զանգ չկա։
«Մի զանգը չի ազատ նրան, չի բուժի նրան, բայց դա հնարավորություն կտա կնոջը լսել, արդյոք իր ամուսինը ո՞ղջ է, գիտակցություն ունի՞։ Դա առնվազն մարդկային արժանապատվություն է»,-մանրամասնել է նա։
Փաստաբանը հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի իշխանություններին, Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով թույլ տալ, որ Լյուդվիգ Մկրտչյանն անհապաղ զանգի կնոջը։
«Էլ ոչ մի լռություն, ոչ մի անորոշություն, մեկ զանգ, հիմա»,-գրել է Լուսիանա Մինասյանը։
Հիշեցնենք, օրեր առաջ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր՝ Բաքվում պահվող անձինք ընտանիքների հետ զրույցում հայտնել են առողջական խնդիրների ու վնասվածքների վերաբերյալ։ Խնդիրը ներկայացրել են միջազգային կառույցներին։
Ավելի վաղ Լ. Մկրտչյանի փաստաբանն ահազանգել էր, որ Բաքվի բանտում գտնվող ռազմագերին բուժհետազոտությունների կարիք ունի։
«Մենք պահանջում ենք անհապաղ անկախ բժշկական զննում, սրտաբանական ամբողջական հետազոտություն և պատշաճ բուժում։ Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանն ադրբեջանական բանտում պայքարում է կյանքի համար»,-նշել էր Լուսիանա Մինասյանը։
Նրա խոսքով, Լյուդվիգ Մկրտչյանի մոտ լեյկոցիտները գրեթե երկու անգամ բարձր են նորմայից, ունի բորբոքումներ, սրտի լուրջ վնասում՝ ձախ փորոքի հիպերտրոֆիամ, ինչպես նաև դիաստոլիկ դիսֆունկցիա, աորտայի անբավարարություն։










