Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է. ԲՀԿ աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին


Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է. ԲՀԿ աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին
Հուլիս 27 14:44 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն ու աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին: ԲՀԿ անդամ Արման Աբովյանը նամակը հանձնելուց հետո տեղեկացրեց, որ դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյան հավաստիացրել է, որ հետևում են Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացներին:

«Ստացանք հավաստիացումներ, որ այս գործը լինելու է Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրության ներքո և այս հարցում հետևողական են լինելու»,- փոխանցեց Աբովյանը:

Նախքան նամակի հանձնումը ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման հետ կապված մի շարք նամակներ են ուղարկվել տարբեր դեսպանատներ, իսկ այսօր որոշել են Իրանի դեսպանին անձամբ փոխանցել ԲՀԿ-ի նամակը։

«Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Սա կեղծ, անհիմն մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, սա նաև որոշակի շարժառիթներ ունի և որոշակի անձինք ու երևույթներ են կանգնած սրա հետևում, որոնք հստակ նպատակ ունեն՝ վատթարացնելու հայ-իրանական հարաբերությունները: Պարո՛ն դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդի  մամուլի խոսնակը:

Նամակի հանձնումից հետո ԲՀԿ աջակիցներն ակցիա իրականացրեցին Երևանում Իրանի դեսպանատան մոտ՝  ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի: