Ուզում ենք հավատալ, որ ՀՀ-ում գործող դիվանագետներն արդար գնահատական են տալու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված գործընթացներին. ԲՀԿ խոսնակ


Ուզում ենք հավատալ, որ ՀՀ-ում գործող դիվանագետներն արդար գնահատական են տալու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված գործընթացներին. ԲՀԿ խոսնակ
Հուլիս 27 13:46 2026

Այս պահին գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների այցն այստեղ կրում է և՛ գործնական, և՛ խորհրդանշական բնույթ: Այս մասին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ուրբաթ, ԲՀԿ քաղաքական խորհրդի և կուսակցության անունից նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին, ինչպես նաև միջազգային կառույցներին, մասնավորապես՝ մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող բոլոր անձանց ուշադրությունը հրավիրել ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի գործընթացի վրա։

Դիվանագետների ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ տեղի է ունենում մարդու իրավունքների, ժողովրդավարության նորմերի կոպտագույն խախտում և միջազգային կառույցները, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագետները պետք է իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը, հատկապես, որ բոլոր այս կառույցների կողմից ժողովրդավարություն, ժողովրդավարական նորմեր կոչվող եզրույթները մշտական են օգտագործման համար։

Մենք ուզում ենք հավատալ, որ դրանք լոկ բառեր չեն, որ Հայաստանում գործող դիվանագետներն իրենց արդար գնահատական են տալու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս գործընթացների հետ կապված։ 

Ինչո՞ւ ենք մենք այսօր ԻԻՀ դեսպանատան առաջ, որովհետև ցանկություն կա նորին գերազանցություն պարոն դեսպանին, պարոն Շիրղոլամիին անձամբ փոխանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նամակը, որտեղ նկարագրված է ամբողջ այն իրավական «беспредел»-ը, որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ 

Մեր համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացու, վստահաբար կարող եմ ասել՝ երկու խարդախի, երկու խաբեբայի պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները»,-նշել է Իվետա Տոնոյանը։