Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Խ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Սեդրակ Ի.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։










