Առողջ մեծահասակի համար սեխի օպտիմալ չափաբաժինը օրական 200–300 գրամ է. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ինհայտնել է Պրիմորիեի երկրամասի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային սննդաբան, Խաղաղօվկիանոսյան պետական բժշկական համալսարանի կանխարգելիչ բժշկության ինստիտուտի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Օլգա Յամիլովան։
«Առողջ մեծահասակների համար օպտիմալ է համարվում միանգամից 200–300 գրամի (մոտավորապես 2–3 միջին չափի կտոր) օգտագործումը՝ օրական ոչ ավելի, քան մեկ կամ երկու անգամ»,– ասել է Յամիլովան։
Նրա խոսքով՝ սեխը A, C և B խմբի վիտամինների աղբյուր է, պարունակում է կալիում և մագնեզիում, ինչպես նաև հարուստ է սննդային մանրաթելերով։ Այս բոլոր հատկությունները այն օգտակար են դարձնում իմունային, սրտանոթային և նյարդային համակարգերի համար։
«Միևնույն ժամանակ, այն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ այն կարող է արագ բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը։ Այն պարունակում է շատ պարզ շաքարներ, մասնավորապես՝ ֆրուկտոզ, որի ավելցուկը կարող է բացասաբար ազդել լյարդի վրա և նպաստել ճարպի կուտակմանը», - նշել է բժիշկը։
Ավելի վաղ դիետոլոգ Օլգա Կորաբլովան նշել էր, թե ովքեր պետք է խուսափեն սեխի օգտագործումից։
«Սեխը դժվարամարս սնունդ է, չնայած իր ցածր կալորիականությանը. մոտ 35 կիլոկալորիա 100 գրամի համար: Խուսափեք սեխ ուտել դատարկ ստամոքսին կամ այլ սննդամթերքների, այդ թվում՝ մրգերի հետ, քանի որ դա կարող է գազեր կամ լուծ առաջացնել», - ասել է բժիշկն ու խորհուրդ տվել սեխն օգտագորեծ ուտելուց մոտ մեկ ժամ հետո։
Սննդաբանի խոսքով՝ սեխից պետք է խուսափել, եթե ունեք գաստրիտի սրացում, սուր պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում - խմբ.), խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում) կամ ստամոքսի խոց:
«Քանի որ սեխը գործում է որպես մեղմ լուծողական, այն չպետք է օգտագործել, եթե ունեք աղիքների հետ կապված որևէ խնդիր, այն կարող է սրել առկա խնդիրները», - զգուշացրել է մասնագետը:










