Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ


Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
Հուլիս 24 22:12 2026

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

«Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։

Այս պահին՝

• նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։

• հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։

Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:

Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:

ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ վերջին 3 ամսում Բյուրեղավանում աղիքային վարակի երկրորդ դեպքն է գրանցվել, գանգատներով Աբովյանի բժշկական կենտրոն են դիմել քաղաքացիներ: Հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են: Բուժառուների կարծիքով՝ իրենց ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ջուրը: