Կոտայքի մարզի քննիչը մեղադրվում է իրեղեն ապացույց ճանաչված 500 դոլարն ու 40 եվրոն հափշտակելnւ և փաստաթղթեր կեղծելու մեջ


Կոտայքի մարզի քննիչը մեղադրվում է իրեղեն ապացույց ճանաչված 500 դոլարն ու 40 եվրոն հափշտակելnւ և փաստաթղթեր կեղծելու մեջ
Հուլիս 23 20:50 2026

ՀՀ քննչական կոմիտեն հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Պարզվում է՝ այս կառույցի աշխատանքի որոշ արդյունքներ հիմնված են կեղծ փաստաթղթերի վրա, իսկ իրականում քննիչները զբաղված են պաշտոնեական հանցագործություններ կատարելով։ Խոսքը միայն քաղաքական հրահանգներ կատարելու մասին չէ. թերևս հենց դրանով պայմանավորված՝ նրանք իրենց անպատժելի են համարում և դիմում տարբեր զեղծարարությունների։ Այս մասին գրել է Փաստինֆոն։

«Տվյալ դեպքում խոսքը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վազգեն Աբգարյանի մասին է, որն արդեն մի քանի քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ և, փաստորեն, հավակնում է ռեցիդիվիստի կարգավիճակի։

Պարզվում է, որ նա 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերել է 5 հատ 100 ԱՄՆ դոլարանոց և 2 հատ 20 եվրո արժողությամբ թղթադրամներ, որոնք փաթեթավորել և կնքել է ՀՀ քննչական կոմիտեի թիվ 086 կնիքով։ Դրանք, որպես իրեղեն ապացույց, գտնվել են նրա փաստացի տիրապետման տակ, քանի որ քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել էր խուզարկությունը, եղել է նրա վարույթում։ Ըստ մեղադրանքի՝ նա հափշտակել է այդ գումարը։

Հետագայում, հափշտակված գումարի բացակայությունը քողարկելու նպատակով, նա պատրաստել և «5 հատ 100 ԱՄՆ դոլար և 2 հատ 20 եվրո թղթադրամներ» գրառմամբ արտաքին ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ գրառմամբ, թղթադրամների չափով ծալված ծրար։ Վերջինիս վրա հետագայում կատարել է առաջին ծրարի գրառմանը համանման ձեռագիր գրառումներ։ Այս ամենը բացահայտվել է դատարանում՝ հիմնական դատալսումների ընթացքում ապացույցների հետազոտման ժամանակ, երբ պարզվել է, որ արտաքինից ամբողջական, Վազգեն Աբգարյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի թիվ 086 կնիքով կնքված ծրարի ներսում առկա է եղել երկրորդ՝ նույնաբովանդակ գրառմամբ ծրար, որը եղել է պատռված, իսկ 214 824 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն բացակայել են։

Քննիչին մեղադրանք է առաջադրվել, և գործը երեկ մուտքագրվել է դատարան։

Մեկ այլ դրվագով նա մեղադրվում է տրանսպորտային միջոցի զննություն կատարելու վերաբերյալ կեղծ արձանագրություն կազմելու մեջ՝ պատրանք ստեղծելով, թե զննությունը կատարվել է վարորդի և երկու ընթերակաների մասնակցությամբ։ Ի դեպ, այս կեղծիքը կատարվել է դեռևս 2022 թվականին։ Սակայն այն ոչ ոք չի նկատել, և անձը շարունակել է պաշտոնավարել, ավելին՝ ստացել է առաջխաղացում, ընդ որում՝ կրկին, ըստ մեղադրանքի, կեղծիքների արդյունքում։
Վազգեն Աբգարյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, քրեական վարույթով կեղծել է ապացույց, ինչպես նաև պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում, քրեական վարույթների ընթացքի լուծման վերաբերյալ աշխատանքային բարձր ցուցանիշներ ցուցադրելու անձնական շարժառիթով, մտցրել է կեղծ տեղեկություններ և, թերևս, հենց դրանց արդյունքում էլ ստացել ավագ քննիչի կարգավիճակ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա համակարգում աշխատանքի է ընդունվել 2020 թվականին։ Նրա մասնակցությամբ առաջին առերևույթ պաշտոնեական հանցագործությունն արձանագրվել է 2022 թվականին, իսկ արդեն 2024 թվականին, զբաղեցրել է ավագ քննիչի պաշտոնը, եւ, ըստ մեղադրանքի, հափշտակել իրեղեն ապացույց ճանաչված գումարը։ Համենայն դեպս՝ նրան բոլոր այս երեք դրվագներով առանձին մեղադրանքներ ներկայացվել են, սակայն քրեական գործերով չգիտես ինչու չեն անցնում նաեւ վերադասները, որոնք քննչի կարգավիճակը հանցավոր նպատակներով օգտագործող անձին առաջխաղացում են ապահովել»։