Ծորակից կաթնագույն ջուր է գալիս. Բյուրեղավանում աղիքային վարակի ալիքը չի դադարում, գիշերը նոր կանչեր են գրանցվել


Ծորակից կաթնագույն ջուր է գալիս. Բյուրեղավանում աղիքային վարակի ալիքը չի դադարում, գիշերը նոր կանչեր են գրանցվել
Հուլիս 21 18:29 2026

Բյուրեղավանում ստամոքսաղիքային խանգարումների ալիքը շարունակվում է։ Անցած գիշերվա ընթացքում գրանցված 9 կանչերից 6-ը եղել են աղիքային խնդիրներով, իսկ վերցված ջրի 14 նմուշից 3-ում լաբորատորիան արդեն շեղումներ է արձանագրել: Մինչ բնակիչները ահազանգում են ծորակներից եկող մուգ ու «կաթնագույն» ջրի մասին, 15 բուժառու շարունակում է օգնություն ստանալ Աբովյանի ԲԿ-ում: Համայնքապետարանից վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ ջրի կրկնակի և կենսաբանական նմուշների վերջնական արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում:

Panorama.am-ին Բյուրեղավանի համայնքապետերանից հայտնեցին, որ գիշերվա ընթացքում գրանցվել է 9 կանչ, որից 6-ը՝ ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներով։

«Նոր հոսպիտալացումներ չենք ունեցել։ Ինչ կա՝ 15 հոգի, որ գտնվում են բուժհաստատությունում Աբովյանի ԲԿ-ում, դրանք են։ Ծանր դեպքեր չունենք, հոսպիտալացվել են միջին ծանրության պացիենտները։ Մնացածը տեղում ստանում են իրենց բուժօգնությունը։ Մեզ մոտ շտապօգնությունը, բժիշկները նորմալ աշխատում են և իրենց աշխատանքը պատշաճ կատարում են»,-ասացին համանքապետարանից։

Ինչ վերաբերում է ջրի որակի վերաբերյալ լուրերին և փորձաքննությանը, բյուրեղավանցիներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, Panorama.am-ի հետ զրույցում նշեց․

«Դեռ վերջնական չեն արդյունքները, չենք էլ հավատում դրանց, բայց դե սպասում ենք արդյունքների հրապարակմանը։ Ջրի տակ նստվածք կա, գույնը մուգ է..․ Մենք հիմա այստեղ ծորակի ջուր չենք խմում, եռացրած ենք խմում, օր կա բացում ենք ծորակից կաթի տեսքով է ջուրը գալիս»։

ՀՎԿԱԿ-ից ավելի վաղ հայտնել են՝  այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։