Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։
«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»,-նշել է Ավինյանը և ընգծել՝ դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն:
Երևանի քաղաքապետը հավելել է, որ խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չի սխալվում, մեկ տարի առաջ, որից հետո տարբեր քննարկումներ են ունեցել, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել:
«Այդ լուծումները չգտնելուց հետո, արդեն վերջնական որոշումները կայացվել են»,-ասել է նա:
Հարցին՝ այս որոշումը կապ ունի՞ վերջին իրադարձությունների հետ, որ ԱԱԾ խուզարկեց Գագիկ Ծառուկյանի տունը, քրեական գործեր հարուցվեցին, Ավինյանը պատասխանել է, որ ոչ, այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ և անկախ որևէ գործընթացից տեղի էր ունենալու։
Նա, լրագրողի հարցին ի պատասխան, պարզաբանել է, թե ի՞նչ նպատակով կօգտագործվի այդ շենքը:
«Անպայմանորեն կանդրադառնանք հարցին: Մենք ունենք այնտեղ մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ՝ պետք է պաշտպանենք: Կարծում եմ՝ այն դեռևս շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,-ասել է Տիգրան Ավինյանը:










