Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։
«Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հակաիրավական է։ Եվ դժվար է դրա դեմ պայքարել հայաստանյան իրավական համակարգում, որը խեղաթյուրվել է գործող իշխանությունների կողմից։
Վարդանյանը նշեց, որ այդ բոլոր ձեռնարկություններում երկար տարիներ ստուգումներ են իրականացվել, և հանկարծ հիմա են «ինչ-որ խախտումներ հայտնաբերվել»։ Սա վկայում է ակնհայտ քաղաքական ենթատեքստի մասին.
«Դիմումներ են լինելու նաև միջազգային արբիտրաժներին, որովհետև խնդիրը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն է, այլև նրա՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունը։ Եվ այս ոլորտում իրավունքների պաշտպանության համար դիմելու ենք նաև միջազգային ատյաններ»










