Ավելի քան 10.000 աշխատակից զրկվել է ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից, հազարավոր սպառողներ կորցրել են ամրագրումները՝ կրելով մեծ վնասներ


Ավելի քան 10.000 աշխատակից զրկվել է ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից, հազարավոր սպառողներ կորցրել են ամրագրումները՝ կրելով մեծ վնասներ
Հուլիս 8 20:38 2026

Քննչական գործողությունների ընթացքում արտադրական ընկերություններում անվտանգային խնդիրների մասին բարձրաձայնել ենք հենց առաջին օրը, և եթե պատկան մարմնինները բավարար ուշադրություն հատկացնեին իմ ահազանգերին, ապա այդ խնդիրը պետք է արդեն լուծված լիներ, սակայն առ այս պահը դրանք կարգավորված չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցներից մեկի հնչեցրած ահազանգին, թե քննչական գործողությունների ընթացքում աշխատակիցներին դուրս են հրավիրել՝ առանց արտադրամասերում անվտանգության կանոնները պահպանելու, որի արդյունքում ընկերությունում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։Աշխատակիցը, մասնավորապես, ահազանգել էր, որ իրավապահները հերթափոխի աշխատողներին հապճեպ դուրս են հրավիրել այն պարագայում, երբ վառարանում կրակ է եղել, և նրանց բացակայության դեպքում կարող էր անգամ պայթյուն տեղի ունենալ։


«Մենք բարձրաձայնել ենք «Արարատցեմենտում», Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, ինչպես նաև «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրում մարդկանց անվտանգության խնդիրների մասին, որովհետև, օրինակ, եթե խոսում ենք «Մուլտի Վելնեսի» մասին, այնտեղ լողավազանները դատարկված չեն, իսկ դրանք ընթացիկ սպասարկման և այլ խնդիրներ կարող են առաջացնել։ «Արարատցեմենտում» և կոնյակի գործարանում արտադրական պրոցես է, և անընդհատ կարող են, Աստված մի արասցե, որոշակի խնդիրներ առաջանալ։

Այս մասով, սակայն, դեռևս տեղաշարժ չկա. եթե որևէ լուծում լիներ, բնականաբար, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացվեինք։

Իհարկե, օրինակ, նույն վառարանում կրակի առկայության հետ կապված չեմ կարող պնդում անել, որովհետև կարծում եմ, որ առնվազն այդ կարգի անգրագիտություն դրսևորած չեն լինի, որ վառարանը միացված թողնեն, բայց այնտեղ միայն վառարանի հարցը չէ, այնտեղ բազմաթիվ պայթյունավտանգ նյութեր, անվտանգային խնդիրներ առաջացնող կոմպոնենտներ կարող են լինել, խողովակների հետ կապված հարցեր կարող են առաջանալ և բազմաթիվ այլ խնդիրներ։ 1000-ից ավելի աշխատատեղ և արտադրական մեծ հզորություն ունեցող ընկերությունների աշխատանքը վայրկյանների ընթացքում դադարեցվում է, պարալիզացվում է, և աշխատակազմը դուրս է հրավիրվում։ Թե ինչ տարատեսակ խնդիրներ կարող են առաջ գալ, ես ամբողջապես կդժվարանամ ասել, բայց որ խնդիրներն առկա են, և դրանք մինչ այս պահը ամբողջությամբ վերացված չեն՝ պնդում եմ»։

Հարցին, թե հնարավո՞ր է ասել, թե ռեստորանների, հյուրանոցի ու «Մուլտի Վելնես» կենտրոնի աշխատանքների դադարեցման արդյունքում քանի քաղաքացի է տուժել, քանի որ հյուրանոցներում ու ռեստորաններում ամիսներ առաջ արված ամրագրումներ կան, իսկ «Մուլտի Վելնեսում» մարդիկ աբոնեմենտային փաթեթներ են գնել, Տոնոյանն ասաց, որ այս դեպքում հազարավոր մարդկանց մասին է խոսքը։

«Եթե չխոսենք աշխատակիցների մասին, որոնց աշխատանքն այս պահին պարալիզացված է, և որի արդյունքում նրանք համապատասխանաբար եկամուտ չեն ունենալու, խնդիրներ են ունենալու, օրինակ, վարկերը վճարելու և այլ հարցերի հետ կապված, միաժամանակ, բնականաբար, մենք հյուրանոցային համալիրներում ենք ունեցել հանգստացողներ, ռեստորաններում այդ պահին սպասարկվող մարդիկ են եղել, որոնք դուրս են հրավիրվել։ Օրինակ՝ «Մուլտի Վելնեսի» հետ կապված ինձ փոխանցեցին, որ շատ վատ ձևով և արագացված ընթացակարգով լողավազանում, հանդերձարաններում գտնվող մարդկանց ոչ պատշաճ կերպով դուրս են բերել։ Բայց նաև եղել են մեծամասշտաբ ամրագրումներ՝ հարսանիքների, այլ արարողությունների։ Մասնավորապես՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում մարդիկ վաղօրոք՝ ամիսներ առաջ, ամրագրումներ են արել հարսանիքների համար։ Այդ ամենը չեղարկվել է։ Զուտ թվային տվյալ չեմ կարող ասել, թե որքան մարդ է այս անօրինությունների արդյունքում տուժել, բայց փաստ է, որ խոսքը հազարավոր մեր հայրենակիցներին պատճառված անհարմարությունների մասին է։ Ես խոսել եմ տնօրենների հետ, գիտեմ, որ նրանք զրուցել են բոլորի հետ, տեղեկացրել են իրավիճակի մասին, բոլորի հետ կանոնավոր կապի մեջ են»,- ասաց Տոնոյանը։