Մեր հիմնական նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչն, իհարկե, շատ կարևոր է:
Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած՝ ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։
Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ»։










