«Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից»,- այսպես է արձագանքել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը ի պատասխան այն քննադատությունների, թե ինչու են մարզիկները լուռ և ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն գալիս։
Ն.Ավդալյանը նշել է. «Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։
Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրել է.
«Ասել եմ բազմիցս.
Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ... Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:
Հայաստանը գրավված է թշնամու կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…
Այսօր՝ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այլանդակ քաղաքական այլասերվածության ենք ականատես լինում: Բացարձակ իրավական ամենաթողություն և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության։
2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:
Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում:
Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։
Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։
Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։
Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։
Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու»։










