ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան


ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
Հուլիս 4 23:15 2026

«Քիչ առաջ հրապարակված խայտառակ որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը։ Հանդես գալով որպես ՔՊ-ի կամակատար՝ ՍԴ-ն հերթական անգամ սպասարկեց գործող իշխանության քաղաքական օրակարգը»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ 

Նա շարունակել է. «Թվում է՝ Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն վերջին ինստիտուտը, որը կպաշտպաներ Սահմանադրության գերակայությունը, կկանխեր իշխանության կողմից իրավունքի խեղաթյուրումը և կապահովեր սահմանադրական հավասարակշռությունը։

Սակայն ականատես եղանք որքան ցավալի, նույնքան էլ՝ կանխատեսելի հանգուցալուծման: Սահմանադրական դատարանը կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան։

Երկրում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության ամբողջական ուզուրպացիայի, ինչն արձանագրվեց ՍԴ որոշմամբ։

Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ»։ 

Հիշեցնենք՝  ՍԴ-որոշմամբ, ԿԸՀ՝  հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողեց ուժի մեջ, այսպիսով մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։