«Մենք մեր աշխատանքը անում ենք, մնացածն արդեն գնահատականներ են»,– նշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ՝ հավելելով, որ դատական համակարգը իդեալական չէ, ինչպես և ցանկացած այլ համակարգ։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, հարցրեցին՝ ու՞մ փեսան էՍևակ Համբարձումյանը, և ինչպե՞ս է դատավոր դարձել, հիշեցրեցին Փաշինյանի հայտարարությունները՝ դատավորների կոռումպացված լինելու մասին։
Դատավորն ասաց՝ հազարավոր, տասնյակ հազարավոր օրինական հիմնավորված դատական ակտեր են կայացվում այս տարիների ընթացքում, սակայն միաժամանակ հնարավոր են նաև դեպքեր, երբ որոշ դատական ակտեր բողոքարկվում են ու վերադաս ատյաններում վերանայվում։
«Դա ես չեմ կարծում, թե կոռուպցիայի արդյունքում են, հակառակ դեպքում համապատասխան գնահատականի կարժանա»,– ասաց Համբարձումյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ հարցերին ընդգծելով , որ ոչ ոքի փեսան չի, 27 տարի է դատավոր է աշխատում։
Դատավորի խոսքով՝ դատական համակարգում խնդիրներ ունեցող դատավորների մեծ զանգված չկա։
«Կարող են լինել նաև առանձին անձինք, բայց դա չի նշանակում, որ այդ դատավորները կոռումպացված են։ Եթե կոռումպացված են, ուրեմն համապատասխան մարմինները պետք է զբաղվեն»,– նշեց նա։
Համբարձումյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ հասարակության մեծ մասը դժգոհ չէ․
«Առանձին ինչ-որ անհատներ առանձին դատական ակտերից հնարավոր է, որ դժգոհ լինեն, բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, արդարադատության որակը բարձրացել է այս տարիների ընթացքում»։
Նա նաև նշեց, որ իր գնահատմամբ վերջին ութ տարիներին՝ հեղափոխությունից հետո, բարելավում կա։










