«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը միջազգային ճանաչում է ստացել՝ ընդգրկվելով կրթության ոլորտի հեղինակավոր World's Best School Prizes 2026 («2026թ․ աշխարհի լավագույն դպրոցներ» մրցանակ) մրցանակաբաշխության Supporting Healthy Lives անվանակարգի («Աջակցելով առողջ ապրելակերպին») առաջին տասնյակում և դառնալով աշխարհի լավագույն դպրոցներից մեկը։

Մրցանակաբաշխությունն անցկացնում է T4 Education համաշխարհային կազմակերպությունը, որը միավորում է ուսուցիչների և դպրոցներ ամբողջ աշխարհից՝ կրթության որակը բարելավելու նպատակով։
Ինչպես նշեց «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը, այս հաղթանակը պարզապես մրցանակ չէ, այլև միջազգային մասնագիտական հանրության կողմից տրված բարձրագույն գնահատական։

«Այս հավաստագիրը վկայում է, որ մեր համալիրի գործունեությունը, արժեքները և կրթական մոտեցումները գնահատվել են միջազգային մասնագիտական հանրության կողմից և դասվել աշխարհի լավագույն փորձերի շարքում։ Սա բարձրագույն գնահատականն է այն աշխատանքին, որը մենք տարիներ շարունակ կատարել ենք հավատով, նվիրումով և մեծ պատասխանատվությամբ», - նշեց Ա․ Գրիգորյանը։

«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը գործում է 2019 թվականից։ Այն իր մեջ ներառում է դպրոց՝ փակ լողավազանով, մանկապարտեզ, մինի-ֆուտբոլի համար նախատեսված բաց խաղադաշտ, փակ սահադաշտ, մարզաառողջարանական կենտրոն՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված 2 ունիվերսալ մարզադահլիճներ, մարզասարքերի ընդհանուր մարզասրահ:
Դպրոցում կրթությունն իրականացվում է տարրական, հիմնական ու միջնակարգ դպրոցի հանրակրթական ծրագրերով (1–12 դասարաններ)՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ։













