Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ.
«Ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի Ավետարանին, որ կարող է հոգեպես աճեցնել և ժառանգակից դարձնել ձեզ իր բոլոր սրբերին» (Գործք Ի 32):
Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ,
Բյուրավանի հովվության սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Ուխտի առանձնահատուկ օր է այսօր, շնորհի և հանդիպման օր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բյուրավանի աղոթատուն է բերվել մեր ազգի մեծ հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան մասունքը, որով ոչ միայն տոնում ենք նրա հիշատակը, այլև հաղորդակից ենք նրա սրբությանը, հավատքին, նրա կենդանի ներկայությանը։ Եկեղեցին սուրբերին հիշում է ոչ թե որպես անցյալի հերոսների, այլ որպես Քրիստոսի մարմնի կենդանի անդամների, որոնց մեջ գործում է Սուրբ Հոգին։
Այսօրվա տոնը կոչվում է «Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ»։ Առաջին հայացքից հարց է ծագում՝ Եկեղեցին ինչո՞ւ է մեծ հանդիսությամբ նշում սուրբի մասունքների հայտնությունը։ Ինչո՞ւ են ոսկորները, նշխարները, մասունքները սրբազան։ Պատասխանը տալիս է հենց Սուրբ Գիրքը։ Երբ Եղիսե մարգարեն արդեն վախճանվել էր, պատահում է, որ մահացած մի մարդու մարմինը հուղարկավորության ընթացքում, թշնամու հարձակման ժամանակ, շտապ նետվում է գերեզմանի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ երբ այդ մեռած մարդը Եղիսեի ոսկորներին դիպչեց, կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա (Դ Թագ. ԺԳ 21)։
Տեսե՛ք, հրաշքը ոսկորներից չէր, այլ Աստծուց։ Աստված նույնիսկ իր սուրբի ոսկորներն է դարձնում կյանքի նշան, որովհետև այն մարմինը, որ երկրի վրա Սուրբ Հոգու տաճար էր, մահից հետո էլ մնում էր շնորհի կրող։ Ահա թե ինչու մենք՝ քրիստոնյաներս, երբեք չենք արհամարհում մարմինը, որը Սուրբ Հոգու բնակարան է, փրկության մասնակից, հարության սպասող։










