Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 21-ամյա Գոռ Ս․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 58-ամյա Գնունի Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia Optima»-ի ուղևորներ 34-ամյա Գոհար Ղ․-ն և 63-ամյա Արթուր Ղ․-ն մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Գրիգորյանը և կրտսեր պարեկ Արթուր Մելոյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։










