Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով


Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով
Հունիս 20 09:34 2026

 

 

 

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։

 

Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ մեկ անգամ ևս վերահաստատելու իրենց հանձնառությունը` փախստականների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովման գործում։

 

Այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են զրկված լինել անվտանգ կենսագործունեություն ունենալու հնարավորությունից՝ պատերազմների, զինված հակամարտությունների, հետապնդումների և բռնությունների հետևանքով։

 

 

Ad by NATIVE NETWORK

Ընդգծում եմ, որ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

 

Աշխատակազմը շարունակաբար իրականացնում է ոլորտային մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, պատրաստում զեկույցներ, համագործակցում միջազգային և ազգային գործընկերների հետ, ինչպես նաև իրականացնում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

 

Այս ոլորտում կարևոր ձեռքբերում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ վերջերս ձևավորված` ՄԻՊ առընթեր Ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը, որը միավորում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտում ներգրավված այլ շահագրգիռ կողմերի։ Խորհուրդը կարևոր հարթակ է՝ խնդիրների համատեղ քննարկման, լուծումների մշակման և շահառուների ձայնն առավել լսելի դարձնելու համար։

 

Կարևորում եմ նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը՝ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման առումով։

 

Հարգելի´ գործընկերներ,

 

Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է` վերահաստատելու մեր հանձնառությունը այն կարևոր գաղափարին, որ յուրաքանչյուր փախստական, ապաստան հայցող և բռնի տեղահանված անձ պետք է ապահովված լինի անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններով, ինչպես նաև ունենա իր իրավունքների լիարժեք պաշտպանության և արդյունավետ իրացման հնարավորություն։

 

Այս օրը նաև կարևոր հիշեցում է, որ յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով, ինչը ենթադրում է, որ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր դերակատարները պետք է շարունակեն համատեղ ջանքերը՝ հանուն այն աշխարհի, որտեղ ոչ ոք չի մնա անտեսված, իսկ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները կլինեն պաշտպանված»։։