Պատրաստ ենք երկու տարբերակին էլ. Սամվել Կարապետյանը՝ մանդատ վերցնելու մասին (Տեսանյութ)


Պատրաստ ենք երկու տարբերակին էլ. Սամվել Կարապետյանը՝ մանդատ վերցնելու մասին (Տեսանյութ)
Հունիս 18 16:03 2026

Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները, և ընդդիմությունը հերթական անգամ, բայց ժամանակավորապես, կրեց պարտություն, հայկական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Իշխանություններն ամբողջությամբ տապալել են նախընտրական գործընթացները, տապալեցին հաշվարկը»,- ասաց Կարապետյանը։

Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հաշվարկի ժամանակ գործընթացը մի քանի ժամով կանգնեցվել է.

«Դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն ամբողջությամբ արել են իրենց օգտին»։

Դրա համար Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։

«Հիմա կարևոր է այդ համախմբումը։ Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Առաջարկում եմ ստեղծել համակարգող խորհուրդ»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով պատգամավորական մանդատները վերցնելու կամ չվերցնելու քննարկումներին՝ նա նշել է, որ պետք է հասկանալ, թե որ տարբերակով է հնարավոր ավելի շուտ «հեռացնել Փաշինյանին իր պաշտոնից»։

«Մենք՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինք, պատրաստ ենք երկու տարբերակին էլ»։

Նրա խոսքով՝ նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Փաշինյանը միանձնյա կառավարի և ընդունի «Ալիևի բոլոր նարատիվները» և երկրի համար վտանգավոր նոր Սահմանադրություն։

«Վստահ եմ՝ հաղթանակը մոտ է, պետք է անենք ճիշտ քայլեր։ Առաջարկում եմ դիմենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների ղեկավարներին։ Հուսով եմ, որ այս երկրներից կունենանք արձագանք»,- ասել է Կարապետյանը։