Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը խոսել է ընտրություններին մասնակցելու համար նոր պահանջի սահմանման մասին, որի համահեղինակներից մեկն ինքն է։ Նշեց՝ չէին սպասում, որ ընտրությունների շրջանում նման հարցեր կառաջանան, և լավ օրից չէ, որ այս փոփոխության անհրաժեշտությունը եղել է։
Պատգամավորների հեղինակած նախագծով՝ ՀՀ-ում ընտրություններին և հանրաքվեներին իրավունք կունենան մասնակցելու այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ առնվազն 183 օր բնակվել են ՀՀ-ում։
«Եթե մարդ վեց ամսից ավելի ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար, ունի իր կենսական շահերը Հայաստանում՝ հարկ է վճարում, աշխատում է։ Տեսե՛ք, ՏԻՄ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապետական ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք. կարծես նաև սա է միավորում այս նախագծին, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաև այս առումով։
Նույնը վերաբերում է նաև «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությանը։ Թվերի առումով՝ այս պահին, քանի որ շատ ֆիքսված չեմ հիշում թվերը, կխուսափեմ թիվ հնչեցնել, բայց այնուամենայնիվ, հիմնական զեկուցման ժամանակ ավելի մանրամասն թվային տվյալներով, վիճակագրությամբ կներկայացնեմ՝ արդյոք հետո մենք ինչքա՞ն ընտրող կունենանք, ընտրողների թիվը կպակասի՞, թե՞ կավելանա։ Մի երկու բացառություն էլ նախատեսված է. հանրային պաշտոնների դեպքում, երբ ծառայության է մեկնում արտերկիր, նրանց դեպքում կա բացառություն, և նաև ուսումնական բուհեր ընդունվելու դեպքում։
Քննարկման փուլում են բուժման նպատակով, նաև հարկեր վճարելու հիմքով և այլ նման հարցեր, բայց այս պահին նախագիծը դրված է այս տեսքով շրջանառության մեջ»,-ասաց Ղազարյանը։










